Нравится

 Ամարասի վանք, վանքային համալիր ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում: Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ:

Համաձայն հայ պատմիչների վկայությունների` Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ սկզբին: Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակվածԳրիգորիսը: V դ սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը: Ըստ Մովսես Կաղանկատվացու` 489 թվականին Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը Ամարասում վերագտնում է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցում` միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները: V դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ: 821 թվականին վանքն ասպատակում են արաբները: Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության` 1293 թվականին մոնղոլ-թաթարների Բայտու խանը կողոպտում է վանքը` որպես ավար տիրանալով Ս. Գրիգորիսի գավազանին ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչին: Ամարասի վանքն ավերվում է նաև 1387 թվականին`Լենկթեմուրի արշավանքների ժամանակ: Վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն: XV–XVI դդ այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: XVII դ 3-րդ քառորդին նորոգվում է Գանձասարի Պետրոս կաթողիկոսի կողմից: XIX դ 2-րդ քառորդին Ամարասի վանքային համալիրը, որն ուներ XVII դ կառուցված բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես ամրոց, իսկ 1832–47 թթ` ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն: 1848 թվականին վանքը հանձնվել է Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարին: Խարխլված եկեղեցին վերականգվել է 1858 թվականին` շուշեցի հայերի օժանդակությամբ, 1898 թվականին պատրաստել է շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից պատրաստվել է Գրիգորիսի նոր տապանաքար: XIX դ վերջին վանքն ուներ կալվածքներ՝ վարելահողեր, այգի, ջրաղաց: Խորհրդային կարգերի հաստատումից հետո լքվել և ամայացել է: Վերաբացվել է 1992 թվականին որպես Արցախի թեմի գործող վանք: Ամեն տարի հարյուրավուր այցելուներ է ունենում Ամարաս վանքը: Այժմ կատարվում են պարիսպների վերականգնողական աշխատանքներ:

Վանքը կառուցված է հարթ տեղանքում, ունի կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ (59x85 մ): Վանքը շրջապատում են հրակնատներով բարձր պարիսպներ, որոնց ներսից ողջ պարագծով կից գտնվում են բնակելի և օժանդակ շինություններ: Բնակելի խցերի շարքով անջատվող երկու ներքին բակերից արևելյանը տնտեսական նշանակության է (նրա շուրջն են խմբավորված վանքի գոմը, ախոռը, մթերանոցները): Արևմտյան` ավելի ընդարձակ բակի կենտրոնում գտնվում է Ս. Գրիգորիս եռանավ բազիլիկը` երկու զույգ մույթերով: Եկեղեցու բեմի տակ գտնվում է Ս. Գրիգորիսի մատուռ-դամբարանը, որն իրենից ներկայացնում է արևելքից արևմուտք ձգվող ուղղանկյուն (1,90x3,75 մ), պայտաձև կտրվածքով թաղով միանավ դահլիճ, որն արևելքում ունի խորշ և երկայնական պատերում՝ մեկական մուտք: Նախամուտքերի արևելյան պատերին քանդակված են ոճավորված արմավենիներ: Գրիգորիսի դամբարանը կառուցված է նույն հորինվածքով, որը հատուկ է Էջմիածնում Գայանեի և Օշականում Մեսրոպ Մաշտոցի V դ դամարաններին:

Current Position free counters