Нравится

Արշակ Բ (ծն.թ. անհայտ– մոտ 368), Հայոց Արշակունի թագավոր 350–ից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։ 350–ին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են Պարսից Սասանյան արքա Շապուհ II–ին և հարկադրել գերությունից ազատել Հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ։ Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիոս կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրին իր սպանված եղբոր հարսնացու Ոլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին, Գնելը խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դուստեր՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հեր՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը։ Զգուշանալով դավադրությունից՝ Արշակն ասպարեզից հեռացրել է թե՛ հորը և թե՛ եղբորորդիներին։ 350–ական թթ. և՛ Հռոմը և՛ Պարսկաստանը զբաղվել են իրենց սահմանների պաշտպանությամբ և չեն միջամտել Հայաստանի գործերին։ Շուրջ մեկ տասնամյակ Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել։ Արշակը հետամտել է նախարարներին համախմբելու, նրանց կետրոնախույս հակումները սանձելու քաղաքականություն։ Նա բնաջնջել է անհնազանդ նախարարական տներին, բռնագրավել նրանց կալվածները։ Փավստոս Բյուզանդը հաղորդում է, որ Արշակը սպառնացել է նաև եկեղեցական և վանական հողատիրություններին։ Արքունի զորաբանակը մեծացնելու և թագավորական իշխանությանը սպառնացող նախարարական ավագանուն թուլացնելու նպատակով նա ծրագրել էր ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ նոր քաղաքներ և նրանցում բնակեցնել նախարարական տիրույթների բնակիչներին։ Այդ գործում առաջին քայլը եղել է Կոգովիտ գավառում Արշակավան քաղաքի կառուցումը։ Նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են Արշակավանը, կոտորել բնակիչներին, ձախողել Արշակի՝ թագավորական իշխանությունը հզորացնելու ծրագրերը։ 359–ին պատերազմը վերսկսվել է Պարսկաստանի և Հռոմի միջև։ Հայաստանի դիրքը պատերազմող կողմերի համար ունեցել է կարևոր նշանակություն։ Արշակունյաց Հայաստանի սահմանները պարսիկներից վտանգվել էին, ուստի Արշակը ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը։ 360–ին Կեսարիա է ժամանել Կոստանդիոս կայսրը և այնտեղ տեսակցել Արշակի հետ։ 361–ին վախճանված Կոստանդիոսին փոխարինած Հոլիանոսը նորոգել է Արշակի հետ դաշինքը և 363–ի գարնանը խոշոր զորաբանակով մտել Միջագետք։ Արշակը իր բանակով հարձակվել է Մարաստանի Խիլիոգոմ կոչվող գավառի վրա՝ նպատակ ունենալով Կորդուքի ու Մոքսի վրայով մտնել Հայոց Միջագետք, այն ազատագրել պարսկական զորքից, այնտեղից միանալ Հուլիանոսի բանակին։ Սակայն նույն թվականի հունիսի 26–ին Հուլիանոսը զոհվել է, և նոր կայսր Հովիանոսը դավաճանաբար լքել է Հռոմի դաշնակից Արշակին՝ ընդունելով Շապուհի առաջարկած ծանր ու ստորացուցիչ հաշտության պայմանները։ 364–ին Շապուհը հարձակվել է Հայաստանի վրա։ Արշակը չորս տարի հերոսաբար դիմադրել է, պահպանել Մեծ Հայքի սահմանները։ Պարսից դեմ նրա մղած պատերազմի մանրամասնությունները նկարագրել է Փավստոս Բյուզանդը։ Արշակը կուրացվել է և բանտարկվել, ապա և տանջամահ արվել։

Current Position free counters