Нравится

Աշոտ Գ Ողորմած (ծն. թ. անհայտ–977) Հայոց թագավոր 953–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համամատաբար խաղաղ իրավիճակ։ 953–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973–ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966–ին հիմնել է Սանահինի, իսկ 976–ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։

Current Position free counters