Нравится

 Եղնասարի վանք - հայ առաքելական վանք ԼՂՀ Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից շուրջ 1,5 կմ հարավ՝ անտառի փեշին՝ հյուսիսահայաց մեղմաթեք սարալանջին:


ԺԵ դարում գրված մի ձեռագիր 1744 թ. նորոգվել է Եղնասարի վանքում: Հիշատակարանում կարդում ենք. «Նորոգեցաւ դառն եւ դժնեա ժամանակիս, որ ոչ կարէ ոք պատմել նեղութիւն եւ սուգս... Արդ` եղեւ նորոգեալ ի դուռն անապատիս Եղնասարա, որում աստ բնակեալ եմք միաբան...»:

Հուշարձանախումբը հայտնի է Եղնասարի վանք անվամբ: Թեև մինչև բռնագաղթը կանգուն շինությունները (եկեղեցի, միաբանական սենյակներ, դարպաս) հիմնականում ԺԷ-ԺԸ դդ. վերաբերող կառույցներ են, բայց հնավայրում պահպանված միջնադարյան խաչքարերի և եկեղեցու որմերում ագուցված ճարտարապետական առանձին բեկորները վկայում են, որ այդ շինությունների տեղում ավելի հնում եղել են պաշտամունքային կառույցներ: Ցավոք, Եղնասարի վանքի մասին մատենագրական համարյա ոչ մի տեղեկություն չի պահպանվել: Հայտնի է, որ, չնայած քաղաքական ծանր կացությանը, ԺԸ դարում Եղնասարի վանքում հաստատված էր միաբանություն և ստեղծվում էին ձեռագիր մատյաններ:


Համեմատաբար առատ են ԺԹ դարին վերաբերող արխիվային վավերագրերը: Դրանց շնորհիվ պարզվում է վանքի միակ եկեղեցու անունը և այլ մանրամասներ: Հայտնի է, որ վանքը գործել է մինչև ԺԹ դարի սկզբները:

Ի դարասկզբին վանքն էլ ավելի անխնամ ու անտեր վիճակում էր գտնվում. «Դարիս սկզբից այս վանքը անխնամ է թողնուած եւ այժմ այդտեղ խոզեր են պահւում»: ԺԹ դարի վերջերին վերաբերող վանքի վիճակի նկարագրությունները համեմատելով (1988 թ.) դրության հետ, կարելի է ասել, որ այդ ընթացքում հուշարձանախումբը համարյա անփոփոխ է մնացել, միայն նկատվում են նոր ժամանակների մի քանի փոքրածավալ ավերումներ՝ ակնհայտորեն գանձախուզության նպատակով:

Վանքի ունեցվածքի մասին 1841 թ. մի վավերագրում ասված է. «Եղնասար անապատ գեղեցկաշէն յանուն սուրբ Աստուածածնի կառուցեալ, բայց այժմ է ամայի: Ունի զհող հարիւր եւ տասն օրավար, որոյ արժողութիւնն է երկու հարիւր մանէթ, մի այգի եւս մրգաբեր, բայց այժմ է խոպանացեալ»:


1853 թ. կազմված մի վկայագրում էլ կարդում ենք. «Անապատս այս եղեալ է ի նախնումն մի ի հարուստ եւ փառաւօր վանօրէից ունելով բաւականութիւն միաբանս, որոց եւ գերեզմանք արդէն գտանին անդր, շրջապատ պարիսպք եւ այլ շինուած ի ներկայումս ոմանք են քայքայեալք եւ ոմանք կիսախախտք, իսկ եկեղեցին կայ յամբողջ դրութեամբ: Անապատս այս ունեցեալ ընդ սեպհական պատկանելիութեան իւրում զշրջակայ տեղիսն, յորս պարունակին վարելահողք, արոտատեղիք եւ անտառք ընդ յետագայ չորիս սահմանացս: Արեւելեան կողմն է գետն Ղարաբուլախ գեղջ. արեւմտեան կողմն է Սպիտակ ջուրն, հարաւային է Ղօնճայ կոչեցեալ տեղին, լեառնակողմն եւ հիւսիսային Օշեփ ասացեալ քարն, ընդ մէջ այսոցիկ սահմանաց բաղկացեալ տեղիք պատկանեցեալ է վերոհիշեալ անապատին ըստ վկայաբանութեան մերձակայ բնակիչ հմտագոյն ստորագրելեաց ի սմին վկայագրի...»:

1886 թ. դեռևս վանքապատկան էին որոշ տարածությամբ վարելահողեր ու անտառ:

1910 թ. կազմված Գանձակի վանական կալվածքների տեղեկագրում նշված է. «Այս խղճուկ անապատը թէեւ անցեալում ունեցել է կալվածք, բայց այժմս չունի ոչ մի արդիւնաբերող կալվածք: Արքունի կառավարութիւնը դատով տարել է այս անապատին պատկանեալ անտառը, որ մօտաւորապէս հաշւում են 800 դեսիատին: Ներկայումս կան երեք հին խարխուլ սենեակներ: Երբեմն-երբեմն լինում են ուխտագնացութիւն»

Current Position free counters