Нравится

Գագիկ Բ (մոտ 1024-1079), Հայոց թագավոր 1042-45–ին։ Բագրատունիների հարստությունից։ Հովհաննես–Սմբատի մահից հետո, բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան՝ գրավելու Հովհաննես–Սմբատի՝ 1023–ին Բյուզանդիային կտակած հողերը և պաշարել Անի մայրաքաղաքը։ Հայկական զորքը և Անիի բնակչությունը, սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, քաղաքի պարիսպների տակ ջախջախել են բյուզանդական բանակը։ Դրանից հետո գահ է բարձրացել Աշոտ Դ–ի որդին՝ 18–ամյա Գագիկ Բ։ Բյուզանդական զորքերի երեք անհաջող արշավանքներից հետո Կոստանդին Մոնոմախ կայսրը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավրել Գագիկ Բ–ին։ Թագավորությունը պահպանելու կողմնակիցները զգուշացրել են Գագիկ Բ–ին՝ չընդունել հրավերը, սակայն բյուզանդական կողմնորոշման պարագլուխներ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետնադարձ կաթողիկոսները համոզել են Գագիկ Բ–ին մեկնելու։ Կայսրը Գագիկ Բ–ից պահանջել է հրաժարվել գահից՝ հօգուտ Բյուզանդիայի։ Գագիկ Բ երկար դիմադրել է, բայց երբ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետնադարձ կաթողիկոսները կայսրին են ուղարկել Անիի բանալիները ու հայտնել, որ իբր հայերը որոշել են Անին տալ Բյուզանդիային, Գագիկ Բ հրաժարվել է գահից։ 1045–ին բյուզանդական զորքերը չորրորդ անգամ խուժել են Հայաստան, գրավել Անին, կործանելով հայ Բագրատունիների թագավորությունը։ Գագիկ Բ եղել է կրթված, գրասեր անձնավորություն։ Սպանվել է բյուզանդացիների ձեռքով։

Current Position free counters