Գանձասար վանական համալիր է Արցախում, Մարդակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216 – 1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից[1]։ Գանձասարը 1400-1816 թթ. Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր ։ 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին: Ըստ ուսումնասիրությունների` 1214 թվականին Ներքին Խաչենի կամ Խոխոնաբերդի իշխանություը Վախթանգ II-ից (Տանգիկ) հետո ժառանգում է նրա ավագ որդին` Հասան (Հայկազ) Ջալալը և նրանից սերված տոհմը կոչվում է Հասան Ջալալի տոհմ: Պատմական աղբյուրներում նրան մի շարք տիտղոսներ են տրվել` <<Մեծ իշխան>>, <<Իշխանաց իշխան տեր Խաչենոյ և Առանայ>>, <<Թագավոր Ջալալ Դովլա>>, <<Բարեպաշտ արքա Ջալալ>> և այլն: Ըստ Կիրակոս Գանձակեցու` նրա հայրը` Վախթանգ Տանգիկը, վախճանվելիս որդուն` Հասան Ջալալին և իր կնոջը` Խորիշահին, որ Բագրատունյաց տոհմից իշխանաց իշխան Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի դուստրն էր, կտակել է` <<զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատ հարց մերոց ի Գանձասար>>, որի կառուցումն սկսվել է 1216 թվականին և ավարտվել 1238-ին և օծվել 1240-ին` Վարդավառի մեծ տոնին, որի ժամանակ ներկա են եղել Աղվանքի Ներսես կաթողիկոսը, Վանական Վարդապետը, իշխաններ, եպիսկոպոսներ, Հայաստանի վանքերի շատ առաջնորդներ և 700 քահանա: Սակայն խաղաղ ժամանակներին հաջորդող դաժան օրերի ընթացքում Մամքանի փառաբանված ամուսինը` Ջալալը, 1261 թվականին ողբերգական վախճան է ունենում, և կինը որոշում է կառուցել Գանձասարի գավիթը, որտեղ էլ ամփոփել են ամուսնու աճյունը: Մխիթար Գոշը և Կիրակոս Գանձակեցին վկայում են, որ Գանձասարի վանքի գավիթը եղել է իշխանական տոհմի ներկայացուցիչների գերեզմանատունը: Գավիթը խաչվող կամարներով է ծածկված և իր հատակագծային-ծավալային հորինվածքով նման է Հաղպատի վանքի ժամատանը և Մշկավանքի գավթի ձևերին: 1260 թվականին Թիֆլիսը (Տփղիս) լքած վրաց թագավոր Դավթին` Լաշայի որդուն, ու Վրաստանի ժողովրդին փրկելու համար և թաթարների դեմ ապստամբություն կազմակերպելու պատրվակով ոստիկան Արղունը ձերբակալում է թագուհի Գոնցային, Հասան Ջալալին, Զաքարե ամիրսպասալարի որդուն` Շահնշահին և ուրիշներին: Փրկագնով բոլորն ազատվում են, բացի Մեծն Ջալալից, ում Արղունը ստիպում է ուրանալ հավատը և <<եդեալ փայտ ի պարանոց նորա և երկաթ յոտս նորա>>, տանում Ղազվին (Իրան): Հասան Ջալալը հավատափոխ չի լինում, որի համար 1261 թվականին Արղունի դահիճներն <<անդամ առ անդամ հոշոտեցին նրան>>: Հասան Ջալալ Դոլայի մարմնի վրա լույս է իջնում, և մի պարսիկ, տեսնելով այդ, հավատում է, որ նա սուրբ է, հավաքում է մարմնի մասերը և պահում մի ցամաք ջրհորի մեջ: Հասան Ջալալի Աթաբեկ-Իվանե որդին նահատակված հոր մասունքները բերում է հայրենիք և ամփոփում մոր` Մամքանի` արդեն կառուցած վանքի գավթում: Առ այսօր Ջալալ Մեծի տապանաքարը գտնվում է Գանձասարի վանքի գավթում: 17-րդ դ.-ում Գանձասարի կաթողիկոսները սերտ համագործակցել են Արցախի մելիքությունների ազատագրական ոգորումներին։ XVIIIդ. այն դարձել է ազատագրական շարժումների կենտրոն։ Դարասկգբին Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի շուրջն էին համախմբվել շարժման ղեկավար գործիչները։ Ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանել է մինչև 1815թ.-ը, երբ ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացավ, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դարձավ Շուշին։ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին Հովասափ Միայնակեցին 1240 թվականին արձանագրել է Հասան Ջալալ Մեծի Ուխտը: Ըստ Հասան Ջալալ Մեծի 27 տողից բաղկացած կտակի` երբ սկսվում է Գանձասարի կառուցումը և քարագործ վարպետները հասնում են արևելյան լուսամուտին, մայրը` Խորիշահը, Աբգար թագավորի կնոջ` Հեղինեի նման, գնում է Երուսաղեմ և մինչև իր կյանքի ավարտը ճգնում է Սուրբ Հարություն տաճարում: Ըստ իր կտակի` նա եկեղեցիներին ազատում է հարկերից և միաբանության կամքով և Աղվանքի Ներսես կաթողիկոսի հայրապետությամբ նշանակում Սուրբ Պատարագներ: Գանձասարի վանքը մոտ 1400-ին դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը: Այս վանքում կաթողիկոսների հետ հանդիպումներ են ունեցել 16-17-րդ դարերի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը: Այստեղ շատ հիշարժան գրքեր են գրվել` 15-րդ դարում Մատթեոս Մոնողոնի տաղերի ժողովածուն, որտեղ ներառված է Ալեքսանդր Մակեդոնացու չափածո պատմությունը, իսկ 18-րդ դարում` Հովհաննես կաթողիկոսի <<Դատաստանագիրքը>>: Ըստ պատմական փաստերի` Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր` Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի <<Օրէնուսույց սուրբ ծնոտը>>, Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները: