Нравится

Հաղպատը Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր։ XIIդ. 2-րդ կեսից XIVդ. Հաղպատի վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվում տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ XIդ. վերջում Տաշիրը հաճախ ասպատակում են սելջուկները, 1105թ.-ին Հաղպատը և Սանահինը կողոպտում է Ղզիլ ամիրան, իսկ 1111-1113թթ.-ին անկում է ապրում տեղական թագավորությունը։ XIIդ. 2-րդ կեսից XIVդ. Հաղպատը պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, ապա` Զաքարյաններին։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223թ.-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը։ XI-XIIIդդ. Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորության, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։

Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։

Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Տեղադրված է կիրճերով եզերված սարահարթի վրա, որի մատույցները վերահսկել է XIIIդ. հատկապես այդ նպատակով կառուցված Կայանբերդը։ Վանքը միջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր, ուր գործել են ժամանակի նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում 1211թ.-ի «Հաղպատի Ավետարանը»։

Համալիրի կազմում են Ս.Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատունը, գրատունը, զանգակատունը, մի քանի մատուռ-դամբարաններ և խաչքարեր։ Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով։ Նրա տարածքից դուրս են աղբյուրի շենքը և մի քանի փոքր եկեղեցիներ։ Համալիրի հնագույն եկեղեցին Ս.Նշանն է, որը կառուցել է Խոսրովանույշ թագուհին` 976-991թթ.-ին։ Ս.Նշանն ամբողջությամբ փայլուն օրինակ է X-XIդդ. հայկական ճարտարապետության մեջ կազմավորված ոճական նոր ուղղության, որը դրսևորվեց այդ դարաշրջանի բազմաթիվ կառույցներում։ Ըստ ավանդության` այն կառուցել է ճարտարապետ Տրդատը։ Տաճարին արևմուտքից կից է մեծ գավիթը, որ կառուցվել է XIIIդ. 10-ական թթ.` 1185թ.-ին իշխանուհի Մարիամի հիմնարկած տապանատան տեղում։ Գավիթը ուշագրավ է իր ներքին հորինվածքով։

Գլխավոր տաճարից հյուսիս վանահայր Համազասպը 1257թ.-ին կառուցել է ընդարձակ մի գավիթ, այսպես կոչված, «Համազասպի շենքը», որը արևելքից կցված է ոչ մեծ, թաղածածկ եկեղեցու։

«Համազասպի շենքի» արևելյան պատի հարավային մասին կից է գրատունը։ XIդ. այստեղ եղել է գրատան հին շենքը, որը XIIIդ. արմատապես վերակառուցվել է:

XIIIդ.-ում տաճարի, «Համազասպի շենքի» և գրատան միջև ընկած տարածքը ծածկվել է թաղով և վերածվել տապանատան։ Նրա անմիջական շարունակությունն է տաճարի արևելյան երկայնքով ձգվող թաղածածկ միջանցքանման երկրորդ տապանատունը։ Այս երկու կառույցները հուսալի կերպով ապահովել են համալիրի շենքերը բլրալանջից իջնող անձրևաջրերի հոսքից։

Համալիրի արևելյան մասում է զանգակատունը` կառուցված 1245թ.-ին։ Այն եռահարկ է` առաջին երկու հարկերում տեղավորված են յոթ աղոթարաններ, երրորդ հարկը սյունակազմ ռոտոնդա է։ Կառույցը աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով։

Հյուսիսային մասում է գտնվում XIIIդ.-ում կառուցված սեղանատունը։ Իրենց ուրույն տեղն ունեն մեմորիալ հուշարձանները։ Դրանցից են` հյուսիս-արևմտյան մասում, պարսպի մոտ կողք-կողքի տեղադրված Ուքանանց տոհմի երեք դամբարանները (XIIIդ. 1-ին քառորդ), միջանցքանման տապանատունը, Ս.Նշան տաճարի հյուսիսային մուտքի մոտ տեղադրված «Ամենափրկիչ» խաչքարը (1273թ.)` կանգնեցված աթաբեկ և ամիրսպասալար Սադունի պատվին։ Տաճարի Ավագ խորանը և պատերի առանձին հատվածները որմնանկարազարդ են եղել։ X դարից մեզ է հասել Ավագ խորանի որմնանկարների առաջին շերտը, ուր Դեիսուս կոմպոզիցիայում պատկերված է գահին նստած Քրիստոսը։ Ավելի ցած եղել են ավետման, ծննդոց, մկրտության տեսարաններ։

Քանդակագործական արվեստի հոյակապ գործ է տաճարի արևելյան ճակտոնապատի վերին մասում տեղադրված կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Սմբատ և Գուրգեն թագավորները պահում են տաճարի մանրակերտը:

Շինությունների հիմնական խմբից դուրս է վանքի աղբյուրը (1258թ.):

Հաղպատի գրադարանը միջնադարում հայ ձեռագրերի գանձարաններից ամենահարուստն էր։ Հիմնվել է XIդ., Հաղպատի վանքի Ս.Նշան եկեղեցու մոտ։ Հետագայում, ապահովության համար, ձեռագրերը տեղափոխվել են վանքի մոտակա քարայրերը, որոնք ոչ միայն գրապահոցի, այլև ընթերցարանի դեր են կատարել։

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի` վանք կարուցելու համար: Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ: Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև: Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը: Այսպես` կռվելով հոր հետ որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում: Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց` իր վանքը կառուցելու պատվերով: Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին: Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն: Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին: Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին: Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը:

Հաղպատ գյուղը հնում կոչվել է Սրբլիս (Սուրբ Լույս), որովհետև արևը բարձրանում էր հարևան սարի հետևից և լույս էր սփռում հարևան գյուղերի վրա: Հաղպատի վանքի կառուցումից հետո գյուղը վերանվանվեց, իսկ Սրբլիս անունը անցավ հարևան սարին:

Current Position free counters