Нравится


Հակոբ Պարոնյանը (Օգոստոսի 6, 1843, Ադրիանապոլիս - 1891, Կ. Պոլիս) հայ գրող-երգիծաբան և լրագրող է եղել, 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ամենանշանավոր դեմքերից մեկն է համարվում։

Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլիս քաղաքում։ Դեռ մանուկ հասակից զրկվել է հորից, մեծացել և սովորել է մոր հոգատարությամբ։

Պարոնյանի մանկության մասին քիչ տվյալներ կան։ Նրա մանկական հասակում ստացած տպավորությունների մասին մեզ հասել են Պարոնյանի ինքնակենսագրական բնույթի ակնարկներից։


Կրթությունը հիմնականում ստանում է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվի հետ սովորում է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը, կարդում է եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։

Կարճ ժամանակ անց նա թողնում է հունաց մայր ուսումնարանը ու աշխատանքի անցնում մի դեղագործի մոտ որպես աշակերտ։ Դրա հետ միասին նա կարդում է բնախոսության ու բժշկության վերաբերյալ մի շարք գրքեր և ավելի ընդլայնում իր մտահորիզոնը։

1863 թվականին Պարոնյանը մեկնում է Պոլիս։ Այնտեղ երկար ժամանակ աշխատանք չի գտնում։ Ի վերջո աշխատանք է ճարում հեռագրատանը։ 1868-ին նորից վերադառնում է Ադրիանապոլիս, մի քանի տարի հետո վերադառնում Պոլիս, նախ աշխատում հեռագրական գործակալություններում, ապա մասնավոր դասեր տալիս մեծահարուստ Մանուկյանների տանը (Պեշիկթաշում)։ Այնուհետև Պարոնյանը նշանակվում է դասատու Սկյուտարի ճեմարանում կամ Ճերմակ դպրոցում, ուր նրան աշակերտում է Պետրոս Դուրյանը։

Պոլսում Պարոնյանը կապվում է դեմոկրատական հոսանքի ներկայացուցիչների, մասնավորապես Հարություն Սվաճյանի հետ։ Սվաճյանի հրավերով սկզբում աշխատակցում է «Մեղու» երգիծաթերթին, իսկ հետո դառնում է նրա խմբագիրը (1872-1874)։ 1874-1877 թվականներին խմբագրում է «Թատրոն» թերթը։ Բացի դրանից, նա հրատարակում է «Թատրոն բարեկամ մանկաց» երկշաբաթաթերթը (1874-1877), նպատակ ունենալով «գրական ծաղկոց մը հիմնել սակս փոքրիկ տղայոց և աստ կրկրնել հանապազ այն բարոյական և կրթական դասերը, որով միայն կարելի է պատվավոր մարդ և ներհուն քաղաքցի ըլլալ»։

«Թատրոնի» փակումից հետո Պարոնյանը մի որոշ ժամանակ աշխատակցում է նաև «Մասիս» թերթին, ապա «Փորձ» հանդեսին։ Սակայն խմբագիրները, վախենալով Պարոնյանի կծու երգիծանքի ու խիստ քննադատության հետևանքներից, նրա գրած նյութերին տեղ չեն տալիս իրենց պարբերականներում։

Մեծ ջանքեր գործադրելով՝ Պարոնյանը կարողանում է հրատարակել «Խիկար» հանդեսը (1884-1888)։ Սակայն թորքական կառավարությունը մյուս հայ պաբերականների հետ միասին փակում է նաև այդ հանդեսը։

1888 թվականին թուրքական կառավորության կողմից հայ պարբերականների փակելուց հետո Պարոնյանը զրկվում է գրական աշխատանք կատարելու հնարավորությունից։ Գումար աշխատելու համար հաշվապահ է աշխատում։ Սակայն այդ աշխատանքը նյութապես չի ապահովում նրան։ Աղքատությունը քայքայում է Պարոնյանի առողջությունը, և նա 1891-ին վախճանվում է ծայրաստիճան աղքատության մեջ, թաղվում է Պոլսում։

Current Position free counters