Нравится

Պապ (մոտ 353-374), Հայոց Արշակունի թագավոր 370-ից։ 17 տարեկանում հաջորդել է Հայոց նախավերջին Մեծ Արքային` Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի հայրենասեր դուստրը` Փառանձեմ թագուհին: Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը։ Չնայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ Պապը ստեղծել է մեծաքանակ` 90.000-անոց բանակ [1], եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, վանական զանազան հաստատություններից քշել ձրիակերներին, կուսանոցներից իրենց տներն ուղարկել կույսերին, որպեսզի ազգի համար զինվորներ ծնեն։ Եթե Արշակ Բ-ն մի Արշակավան էր կառուցում` Մեծ Հայքի հզորացման համար, ապա Պապը ամբողջ Մեծ Հայքն էր վերածում Արշակավանի, ինչով վաստակելու էր արտաքին ու ներքին թշնամիների կատաղի ատելությունը:

Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը` Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։ Դրա համար Հայ եկեղեցին պետք է Պապին սրբոց շարքը դասեր, բայց դրա փոխարեն, Հայ երիտասարդ ու տաղանդավոր արքային` նրա պետականամետության ու անկախ ներքին քաղաքականության համար արժանացրել է անեծքների ու պատմական անհիմն բացասական գնահատականի: Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղես կայսրը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական լեգեոնից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։

Current Position free counters