Սանատրուկ (ծն.թ.անհայտ–մոտ 110), Հայոց Արշակունի թագավոր 75-ից։ Հաջորդել է Տրդատ Ա արքային։ Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաղաքակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ։ Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը գրավել և Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Սանատրուկ բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։ Մի վկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր Սանդուխտ դստեր և Թադեոս առաքյալի սպանող։ Թաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում։ Ըստ Փավստոս Բյուզանդի, IVդ. 2-րդ կեսին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ և ճարտարագործ»։Գահակալել է 88-110թթ.: