Խոսրով Դ (ծն.թ. անհայտ– 359), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 385-388–ին և 414–ից։ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին։ Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին միմյանց միջև. պարսկական մասում իշխեց Խոսրովը, հռոմեականում՝ Արշակ Գ։ Շապուհ III–ի մահից հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբեն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց Կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։