Нравится

Տիրան (ծն.թ.անհայտ–մոտ 358), Հայոց թագավոր 338–350–ին։ Հաջորդել է հորը՝ Խոսրով Բ Կոտակին, քաղաքական անբարենպաստ ու խառնակ պայմաններում։ 338–ի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339–ի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատորդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ Տիրանի գահակալության վերջին տարիներին Հայաստանի քաղաքական կացությունը բարդացել է՝ կապված նոր պարսկա–հռոմեական հակամարտությունների հետ։ 345–ի պարսկա–հռոմեական պատերազմի ժամանակ Տիրանը դաշնակցել է հռոմեացիներին։ 350–ին, օգտվելով Հռոմեական կայսրության արևմուտքում ծագած պատերազմից, Շապուհ II ներխուժել է Հայաստան, խարդախությամբ ձերբակալել և կուրացրել է Տիրանին, ապա տարել և բանտարկել է Տիզբոնում։ Շուտով հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսկական բանակին և Շապուհ II–ին հարկադրել գերությունից ազատել Տիրանին։ Սակայն վերջինս կուրության պատճառով անկարող էր զբաղվել պետական գործունեությամբ, ուստի թագավոր է հռչակվել նրա որդին՝ Արշակ Բ–ն։

Current Position free counters