Տրդատ Ա (ծն. Թ. անհայտ– մոտ 75), Մեծ Հայքի թագավոր 52–ից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։ 52–ին Մեծ Հայքն ազատագրել է հռոմեական զավթիչներից։ 54–ին Տրդատ Ա հաստատվել է հայկական գահին, որով փաստորեն տապալել է հռոմեական երկարամյա տիրապետությունը Մեծ Հայքում, և այնտեղ հիմնադրվել է հայ Արշակունիների արքայատունը։ Տրդատ Ա–ին տապալելու և Հայաստանը վերանվաճելու մտադրությամբ, հռոմեական զորքերը 58–ի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել են Մեծ Հայք։ Տրդատ Ա, օգնություն չստանալով Վաղարշ Ա–ից, մարտերով նահանջել է Ատրպատական։ 59–ի գարնանը հռոմեական զորքերը գրավել, ավերել և հրկիզել են Արտաշատը։ Նվաճված Մեծ Հայքի գահին դրվել է հռոմեական արքունիքի կամակատար Տիգրան Զ։ Վաղարշ I շտապ հաշտություն է կնքելՎրկանաց աշխարհի հետ և ռազմական ուժեր կենտրոնացրել Հայոց միջագետքում։ Վերջինս հարկադրված է եղել Մծբին քաղաքում Վաղարշ Ա–ի հետ ստորագրել զինադադար՝ Տրդատ Ա–ի գահի ներքո Մեծ Հայքի թագավորության անկախությունն ու ինքնուրույնությունը ճանաչելու, այնտեղից իր զորքերը հեռացնելու պայմանով։ Սակայն Ներոն կայսրը չի վավերացրել զինադադարի պայմանները և Արևելք է ուղարկել նոր զորաբանակ։ 62–ի գարնանը Տրդատ Ա–ի և Վաղարշ Ա–ի միացյալ զորքերը շրջապատել են թշնամուզորաճամբարը և լուրջ կորուստներ պատճառել նրան։ Հռոմեացիները խնդրել են հաշտություն, նրանց զորքերը զինաթափվել են, վերադարձրել Հայաստանից կողոպտած ավարը, ազատել գերիներին և խուճապահար փախել Կապադովկիա։ Ներոնի ցուցումով շուտով հռոմեական Արևելքի գլխավոր հրամանատար Կորբուլոնը Տրդատ Ա–ի հետ ստորագրել է հաշտություն, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, պայմանով, որ Տրդատ Ա մեկնի Հռոմ և թագադրվի կայսեր ձեռքով։ 65–ին Տրդատ Ա՝ իր ընտանիքով և 3000 հեծյալ շքախմբով մեկնում է Հռոմ։ Նրան ամենուր ցուցաբերվել է ճոխ ընդունելություն։ Տրդատ Ա Ներոնը թագադրել է Հռոմի ֆորումում, բազմության և զորքի ներկայությամբ։ 66–ին Տրդատ Ա վերադարձել է Հայաստան և օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով։ 72–ին և 75–ին Տրդատ Ա հակահարված է հասցրել կովկասյան հրոսակ ցեղերին, որոնք ասպատակել են երկրի հյուսիս–արևելյան շրջանները։ Տրդատ Ա–ի հետագա գործունեության և մահվան տարեթվի մասին տեղեկություններ չեն պահպանվել։