Վիկտոր Համբարձումյան (սեպտեմբեր18,1908 - օգոստոսի, 1996) — հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային,համակարգերի դինամիկայի աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Վ. Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։Վ. Համբարձումյանը ծնվել է հայկական ընտանիքում Թիֆլիսում 1908 թ. սեպտեմբերի 5(18)-ին։ Հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը, եղել է բանասեր, բանաստեղծ,Հոմերոսի<<Իլիականի>> և <<Ոդիսականի>> թարգմանիչ դասական հունարենից արևելահայ աշխարհաբարի։ 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց տեղափոխվել Լենինգրադի Պետական համալսարան։ 1926 թ, տակավին ուսանող, նա հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Համալսարանն ավարտելուց հետո 1928 – 1931-ը Վ. Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ։
- 1930 թ ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Համբարձումյանի հետ (ծնյալ՝ Կլոչիխինա, ծնունդով՝ Պերմի նահանգի Սոլիկամսկի գավառի Լիսվա գյուղից)։
- 1934 թ Լենինգրադի Համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Վ. Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։
- 1934 – 1941 թթ Վ. Համբարձումյանը եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրենը։
- 1939 թ Վ. Համբարձումյանը ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, իսկ 1953 թ՝ իսկական անդամ։.
Պատերազմի ամենածանր փուլում՝ 1943-ին, հիմնադրվում է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիան։ Հավանաբար դա արվել էր իբրև շնորհակալություն Հայաստանին՝ պատերազմի տարիներին ցուցաբերած հավատարմության համար։ Հ. Ա. Օրբելին դառնում է Ակադեմիայի նախագահ, իսկ Վ. Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թ Վ. Համբարձումյանն ընտրվում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվում է այդ պաշտոնում մինչև 1993 թ, որից հետո դառնում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։Հայրենական Մեծ պատերազմի սկզբում Վ. Համբարձումյանը զբաղեցնում էր Լենինգրադի Համալսարանի գիտական պրոռեկտորի պաշտոնը։ Պատերազմի ամենասկզբում Համալսարանի գիտական աշխատանոցները տարհանվում են ռազմաճակատից հեռու` Թաթարստանի Ելաբուգա քաղաքը, ուր Համբարձումյանը անց է կացնում չորս տարի՝ ղեկավարելով Համալսարանի գիտական մասնաճյուղը։
- 1946 թ Համբարձումյանը հիմնադրում է Բյւրականի աստղադիտարան, որի անփոփոխ տնօրենն է լինում մինչև 1988 թ։
- 1961 – 1964 թթ Վ. Համբարձումյանը եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ։ Երկու անգամ (1968 – 1970 և 1970 – 1972 թթ) ընտրվել է Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ։
Վ. Հ. Համբարձումյանը վախճանվել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։