Нравится
 Աշոտ Ա (ծն. թ. անհայտ – 890), Հայոց թագավոր 885-ից։ Բագրատունյաց հարստության հիմնադիրը։ 855–ին փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ա Բագրատունուն։ 862–ին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկ Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն»։ Աշոտը ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել իշխանական տների միջև ծագած դժգոհություններին, խնամիական կապեր հաստատել Բագրատունի, Արծրունի և Սյունյաց իշխանական տների միջև։ Դեռևս 870–ական թթ. կեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆայից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. Մութամիդ խալիֆան 885–ին թագ է ուղարկել Աշոտին։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում։ Աշոտը ցուցաբերել է ռազմա–քաղաքական, դիվանագիտական մեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրա գերիշխանությունը ճանաչում էին նաև Վրաց, Աղվանից իշխանները և Հայաստանի արաբական ամիրայությունները։ Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը գրում է, որ Աշոտը «տիրում էր Արևելքի բոլոր երկրներին»։
Current Position free counters