Нравится

Սմբատ Բ Տիեզերակալ (ծն.թ.անհայտ–989), Հայոց թագավոր 977–ից։ Բագրատունիների արքայատնից։ 958–ին դարձել է հոր ՝ Աշոտ Գ Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ Վերջինս 982–ին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպակարանի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան մահմեդական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ–ի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։

Current Position free counters