Нравится

 Հաղարծին - վանք է ՀՀ Տավուշի մարզում, 18 կմ հեռավորության Դիլիջանից, Իջևանյան լեռնաշղթայի անտառաշատ հովիտում:Վանքը կառուցվել է 10-13-րդ դարերում Բագրատունիներների հովանավորությամբ: Դիլիջանի շրջակա պատմական հուշարձաններից են Հաղարծինը և Գոշավանքը։ Վերջինս հայտնի է եղել նաև Նոր Գետիկ անունով։ Այս վանքի հիմնադիրն է հայ մշակույթի խոշորագույն երախտավոր, նշանավոր դատաստանագիր և առակախոս Մխիթար Գոշը։ Հաղարծինը և Գոշավանքը պատկանում են ճարտարապետական այն անսամբլների թվին, որոնք կառուցվեցին Հայաստանում՝ 12—13-րդ դարերի ընթացքում: Վանքային այս համալիրները կառուցված են մեծ ճանապարհներից ու քաղաքների աղմկալի կյանքից հեռու, լեռների գեղատեսիլ բնության գրկում, առավել ապահով տեղում։ Հաղարծին վանական համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում, Դիլիջանից 18 կիլոմետր հեռու, Իջևան տանող խճուղուց մոտ յոթ կիլոմետր հեռավորության վրա։ Հարավային կողմում գտնվող ձորակում հոսում է Հաղարծին գետակը, իսկ արևելյանով՝ Մեծ Աղբյուրը։ Վերջինիս ջուրը ներկայումս օգտագործվում է Կույբիշևի (Զար–խեչի) համար որպես խմելու ջուր։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական թվականներից` Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ ամայացած էր։ 1254 թվականին Խաչատուր վարդապետը իր Բարսեղ եղբոր հետ կառուցում է Ս. Գրիգորի գավիթը։ Հաղարծինի վանքային հուշարձանախմբի մեջ մտնում են երեք եկեղեցի՝ ս. Աստվածածին, ս. Գրիգոր և ս. Ստեփանոս։ Հուշարձանախմբի մեջ մտնում է նաև հայկական ինքնատիպ մի հոյակապ սեղանատուն, երկու գավիթ, որից մեկը ավերված է, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն։ Ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է, որը խաչաձև-գմբեթավոր կառույց է, չորս անկյուններին ավանդատներով։ Ս.Գրիգորին արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի սխեմատիզմը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանա-դամբանների մնացորդներ: Ս.Գրիգորին հյուսիսից կից է թաղակապ մատուռ, իսկ արևելյան մասում շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից 1244թ.-ին կառուցված Ս. Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին: Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1244 թվականին, որը ինքնին ս. Աստվածածին եկեղեցու փոքրածավալն է և գտնվում է նրանից աջ։ Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը, գմբեթավոր դահլիճ է: Եկեղեցու վերձիգ ծավալային համամասնությունները և մշակվածքը բնորոշ են XIIIդ. կառույցներին: Եկեղեցու արևմտյան ճակատի դիմաց պահպանվել է ավերված կառույցի մնացորդները: Սուրբ Աստվածածնի տաճարը բավականին բարձր շինություն է։ Հատակագծում ունի խաչի տեսք։ Կառուցված է հայկական գմբեթավոր տաճարի ոճով, բարձրանում է չորս կամարներով, առանց սյունաշարի։ Կառուցված է 1071 թվականին։ Վերակառուցվել է 1281 թվականին։ Ամենալավը պահպանվել է ս. Աստվածածին եկեղեցին։ Մյուս երկուսը խախտված վիճակում են։ Արևմտյան մասում է սեղանատունը, որն ըստ հարավ-արևմտյան մուտքի շրջակալի շինարարական արձանագրության կառուցվել է 1248թ.-ին: Հայաստանում նմանօրինակ երկու պահպանված կառույցներից մեկն է (մյուսը` Հաղպատում): Հորինվածքով երկարավուն դահլիճ է: Այստեղ կառուցվածքային տարրերն ու սկզբունքն իրենք հիմնական արտահայտչամիջոցն են: Ներքին պարագծով ընթացող աստիճան-ցոկոլը, որը ներդաշնակվում է երկայնական պատերի վերևում արված քիվագոտուն, ծառայել է որպես նստարան: Հաղարծինի սեղանատունը ճարտարագիտական լուծումով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է: Սեղանատան արևելյան մասում պահպանվել են այլ շինությունների (հավանաբար խոհանոցի, հացատան և այլն) ավերակներ: Վանքի տարածքում կան մի քանի աղոթարաններ` տեղադրված ժայռալանջերին: Հաղարծինում գտնված 350կգ կշռող բրոնզե կաթսան, որը մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է: Կաթսայի պսակազարդ շուրթի վրայի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը` 1232թ.: Նրա չորս կանթերը առյուծների արձաններ են, որոնց ոտքերը նույնպես զարդարված են:

Այժմ Հաղարծին վանքը վերանորոգում է Համայակական հիմնադրամը Սուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմի շեյխի օգնությամբ:

Հաղարծինը և Գոշավանքը Դիլիջանի ազգային արգելոցի հսկողության տակ են:

Current Position free counters