Нравится

 Մոնթե Մելքոնյանը (նոյեմբերի 25, 1957- հունիսի 12, 1993) — Ղարաբաղյան պատերազմի հերոս և ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ։ ՀՀ ազգային հերոս։ Ուրարտագետ, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ:

1991թ.–ի սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը:

1992թ.-ից Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար:

Զոհվել է 12.06.1993 Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:

Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար : Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների:

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը:

1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:

1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»: 1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը, իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են, պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային Հերոս կոչմանը:

Փա՜ռք հայոց բոլոր վրիժառուներին, փա՜ռք մեր բոլոր նահատակներին: Մենք միշտ հիշում ենք Ձեզ, մե՜նք շարունակելու ենք ձեր կիսատ թողած գործը և ինչպես Մ.Գորգիսյանն էր ասում՝ «Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու...»:

Current Position free counters